ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հարյուրավոր տարիների սպիտակ էջեր

Հարյուրավոր տարիների սպիտակ էջեր
23.08.2026 | 11:50

«Հայոց պատմություն» կոչվածի մեջ հարյուրավոր տարիների սպիտակ էջեր գոյություն ունեն, որոնք, կարելի է ասել, անուղղակի կերպով փաստում են այն մասին, որ հայերն առանց որևէ նշանակալի իրադարձություն հեղինակելու, հարևան ժողովուրդների լծի տակ իրենց գոյությունը քարշ տալով` դարերով գոյատևել են։ Բացառությամբ մի քանի լոկալ բնույթի ապստամբության (ասենք, օրինակ, Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարը), մնացած մեր ողջ պատմությունը հարյուրամյակներով որևէ ըմբոստության ակներև դրսևորում, ըստ մեր լինելիությունը փաստող եկեղեցական գրառումների, չի արձանագրել։
Հիմա անցնեմ ասելիքիս` անցյալ դարի 90֊ականներից սկսած, երբ «իշխանավոր» կոչեցյալները, գերադրական աստիճանի սրիկայություններ դրսևորելով, Խորհրդային Միությունից Հայաստանին բաժին հասած անբավ հարստություններն ու կարողությունները սատանայական անկշտությամբ գրպանում էին` ժողովրդին սովի, անտերության ու ոչնչացման մատնած, խոհերս սկսել էին պտտվել մի ողբալի վարկածի շուրջ։
Սկսել էի մտածել, որ այդ պատմական սպիտակ էջերի ժամանակահատվածներում անշուշտ գտնված կլինեն հայկական տարածքներ, որտեղ մեր նախնիներին երևի թե հաստատ հաջողվել է նվաճել մասնավոր բնույթի որոշակի անկախության ատրիբուտներ։ Սակայն երբ այդ անկախությունը սկսել է տնօրինել հայ իշխանավորը, նա այն աստիճանի անգթությամբ է կեղեքել իր հայրենակիցներին, որ հայ ժողովուրդ կոչված էթնոսը դադարեցրել է ինքնազոհ ֆանատիզմով իր անկախության համար պայքարելը, քանի որ անգամ մեր հանդեպ քամահրանքով լցված պարսիկի ու թուրքի ենթակայության տակ նա իրեն սոցիալապես ավելի պաշտպանված է զգացել, քան հայ իշխանավոր կոչվող սրիկայի ենթակայության տակ։
Ինձ թվում է` մեր հազարամյակների ողբերգական ճակատագրի հիմնական պատճառն իրեն «հայ իշխանավոր» հռչակած հայի տականք տեսակի մեջ պետք է առաջին հերթին փնտրել:

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ